AM
25 March 2003 - 18:21 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀՂՎԱԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի վերընտրման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերի հղած շնորհավորանքն, առնվազն, տարակուսանք է հարուցում: Այսօր լրագրողների հետ զրույցում, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը:«Հնարավոր է, Թուրքիայի ղեկավարությունը ելել է արձանագրության կանոններից, սակայն, նույնիսկ այդ դեպքում Անկարայի գործողությունները հնարավոր չէ բացատրել նախ այն պատճառով, որ Քոչարյանը միշտ աչքի է ընկել հակաթուրքական դիրքորոշմամբ – միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողն է: Ի պատասխան դրան, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքյոզն այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում «սովորական պրոտոկոլային ընթացակարգ» է համարել Սեզերի կողմից հղված ուղերձը` ընդգծելով, որ այն ոչ մի քաղաքական իմաստ չունի: Միեւնույն ժամանակ թուրք դիվանագետը հայտարարել է, որ Սեզերի ուղերձը պետք չէ որակել Երեւանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի փոփոխություն: