AM
16 Մայիս 2012 - 10:07 AMT

Մշակույթի նախարարություն. Սոնա Հարությունյանի որպես վարչության պետի թերացումները բազմաթիվ են

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության նախկին պետ Սոնա Հարությունյանը աշխատանքից ազատվել է համաձայն իր 2012 թ. մարտի 19-ի դիմումի: Ինչպես նշված է ՀՀ մշակույթի նախարարության պարզաբանման մեջ, 6 տարի շարունակ նախարարությունում աշխատած Հարությունյանն աշխատանքից ազատման իր դիմումում ներկայացրել էր նախարարության մասին իր չհիմնավորված կարծիքը և վերջում հավելել, որ նպատակահարմար չի գտնում շարունակել աշխատել սույն պաշտոնում:

Բարձրացված այս աղմուկը, արվեստագետների բաց նամակն ու լրատվամիջոցներից մեկի անհանգստությունը, նախարարությունը համարում է միանգամայն անհիմն: Վերջին տարիների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունից սեփական դիմումի համաձայն ազատվել են երեք փոխնախարարներ, իսկ նույն այդ վարչությունից՝ երկու վարչության պետեր, ովքեր իրենց գիտելիքների, փորձառության ու աշխատելու կարողությամբ ոչ միայն չեն զիջել, այլ հիմնականում գերազանցել են Սոնա Հարությունյանին: Սակայն, նման աղմուկ չի բարձրացել նրանցից որևէ մեկի աշխատանքից ազատման շուրջ, մի պարզ պատճառով, որովհետև նախկինում ազատված անձանց մեջ բացակայում էր Սոնա Հարությունյանի եսակենտրոն պահվածքը և սեփական անձի շուրջ աղմուկ ստեղծելու ու կազմակերպելու ջիղը:

Նամակագիրներից ոմանք հրապարակավ կարծիք են հայտնում, թե Հարությունյանն ազատվել է աշխատանքից նախարարի կամայականության պատճառով` աշխատանքային միջադեպը տեղափոխելով անձնական դաշտ: Պարզաբանման մեջ նշվում է, որ Հարությունյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում նախարարություն վեց տարի առաջ աշխատանքի է հրավիրել նախարար Հասմիկ Պողոսյանը՝ որպես խորհրդական, և մեկ տարվա ընթացքում գործուղման է մեկնել Քուվեյթ, Շվեյցարիա, Չինաստան, ինչպես նաև տարեկան երկու անգամ իր ուսումնական արձակուրդ-գործուղումն անցկացրել Գերմանիայում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ Հարությունյանը նախարարության միակ աշխատակիցը չէր, ով ուսանել է Եվրոպայում:

Միգուցե նրա ստացած եվրոպական կրթությունը խթանել է լավ արվեստաբան դառնալուն, սակայն, որպես վարչության պետ, նրա թերացումներն ու բացթողումները բազմաթիվ են, որոնք հնարավոր է հիմնավորել փաստաթղթերով: Սակայն, դա չի արվում, հիմնարկության ներքին կյանքը չհանրայնացնելու ու նախկին աշխատակցի հետագա աշխատանքային առաջընթացը չխաթարելու պատճառով: