AM
16 Մայիս 2012 - 10:43 AMT

Մշակույթի նախարարությունը պարզաբանել է ոլորտի աշխատակիցներին հեռացնելու որոշումները

ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մշակույթի բնագավառի մի քանի պաշտոնյաների աշխատանքից ազատելու կապակցությամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատել է ոչ թե ՀՀ մշակույթի նախարարը, այլ թանգարանի տնօրենը, քանի որ այդ իրավասությունը օրենքով պատկանում է ՊՈԱԿ-ի տնօրենին: Վերջինիս մեկնաբանմամբ` փոխտնօրենը երկար ժամանակ խնդրել է ազատել իրեն աշխատանքից անձնական խնդիրների և այլ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ցանկության պատճառով: Տնօրենը բազմիցս մերժել է իր տեղակալի դիմումը, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Փոխտնօրենի դեռևս ապրիլի 3-ին գրած դիմումը հենց այդպես էլ ձևակերպված է եղել: Մեկ ամիս շարունակ փոխտնօրենին հորդորելով հրաժարվել աշխատանքից ազատվելու մտքից՝ թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը մայիսի 3-ին Կարեն Խաչատրյանին ազատել է աշխատանքից` համաձայն իր դիմումի:

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանի ղեկավարած կառույցում դեռևս տարեսկզբին պլանային աուդիտ է իրականացվել: Այնտեղ հայտնաբերված թերացումներն ու բացթողումները կարող էին հիմք հանդիսանալ նկատողության, ինչպես նաև աշխատանքից ազատման համար: Սակայն, առաջնորդվելով ստուգումների ամբողջական և համալիր արդյունքներ ունենալու տրամաբանությամբ, նախարարի հրամանով ստեղծվել է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված թանգարանային ֆոնդերի հաշվառման և գույքագրման մասնագիտական հանձնաժողով` վերոնշյալ ՊՈԱԿ-ում բացահայտված խնդիրներն ուսումնասիրելու և դրա արդյունքում աուդիտի վերջնական եզրակացություն ձևավորելու նպատակով: Քանի որ այս գործընթացի իրականացման ժամանակահատվածում լրացել է Մ. Գրիգորյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, նրան առաջարկվել է մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը պայմանագիրը երկարացնել երկու ամսով, ապա, նաև՝ տասնհինգ օրով: Մ. Գրիգորյանը հրաժարվել է երկարացնել աշխատանքային պայմանագիրը, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը կարող էր մնալ առանց ղեկավարի: Այս իրավիճակում միակ իրավական լուծումը նրան աշխատանքից ազատումն էր և նոր տնօրենի պաշտոնակատարի նշանակումը, որպեսզի հանձնաժողովի բնականոն աշխատանքները շարունակվեն: Նշվում է նաև, որ ՊՈԱԿ-ում իրականացվող աուդիտի արդյունքներով ընդունվելիք որոշումները դեռ առջևում են»: