AM
16 Մայիս 2012 - 13:33 AMT

Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է հայտնել ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը: Մինչ այժմ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՕԵԿ-ական նախարարներ Սերգո Կարապետյանը (գյուղատնտեսության նախարար) և Արմեն Երիցյանը (արտակարգ իրավիճակների նախարար): «Ժառանգություն» կուսակցությունից ինքնաբացարկ է հայտնել Լարիսա Ալավերդյանը:

Հարությունյանը հավելել է նաև, որ ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից ինքնաբացարկներ չկան:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):