Մայիսի 16-ին Ֆրանսիայում մեկնարկել է համաշխարհային կինեմատոգրաֆի ամենանշանավոր իրադարձություններից մեկը` Կաննի 65-րդ կինոփառատոնը: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, փառատոնը բացվում է վառ ստեղծագործական հայտնությունների սպասումներով: Գլխավոր մրցութային ծրագրում ներառված են 22 ֆիլմեր, իսկ ժյուրին խոստանում է յուրաքանչյուր մասնակցի վերաբերել հնարավորինս անկանխակալ:
Իսկ դատավորներն ովքե՞ր են
Աստղային ժյուրիի կազմում, ռեժիսոր Նաննի Մորետտիի գլխավորությամբ, այս տարի ներառված են ռեժիսորներ Ժան-Պոլ Գոթիեն, Անդրեա Առնոլդը, Ալեքսանդր Պեյնը, Ռաուլ Պեկը, դերասաններ Հաիմ Աբբասը, Էմմանյուել Դևոն, Դիանա Կրյուգերը և Յուեն ՄակԳրեգորը:
«Նախկինում ես այս բոլոր մարդկանց գիտեի և գնահատում էի առանձին-առանձին, այժմ նրանք միասին են, ուրախ և բարձր տրամադրությամբ, ինչը շատ կարևոր է: Որոշել ենք հանդիպել երկու օրը մեկ, որպեսզի քննարկենք ծրագրում ներառված 4-ական ֆիլմ»,-Նաննի Մորետտիին մեջբերում է ՌԻԱ Նովոստին: Իսկ Ժան-Պոլ Գոթիեն ասել է. «Ես շատ եմ սիրում կինոն, սակայն այն դիտում եմ որպես հասարակ հանդիսատես: Նոր ֆիլմերից ես նոր պատմություններ եմ ակնկալում, և նախ և առաջ, նոր հույզեր»:
Առաջին ծիծեռնակը «Լիալուսնի թագավորությունից»
Փառատոնի մրցութային ծրագիրն այս տարի բացում է Ուես Անդերսոնի Լիալուսնի թագավորություն» ֆիլմը: «Սա սիրո պատմություն է` երիտասարդների և արդեն երկար կյանք ապրած մարդկանց միջև կիրքի մասին, որն աստիճանաբար սկսում է անհետանալ»,-պատմել է դերասան Բրյուս Ուիլլիսը:
Ռեժիսոր Անդերսոնն ասել է. «Սա ավելի շուտ հիշողություն է, ինչի մասին ես երազում էին, և ինչն, այդպես էլ, ինձ հետ տեղի չունեցավ»:
Ինտերֆաքսը գրում է, որ Բրյուս Ուիլլիսը խոստովանել է, որ այս ֆիլմի դերն իր համար ամենաանսպասելիներից էր: Այս ֆլիմում նա մարմնավորել է ոստիկանի, ով «տարօրինակ տղամարդ է` համեստ և անհաջողակ»,ասել է նա ֆիլմից հետո տված մամլո ասուլիսում:
Ուիլլիսն ասել է, որ իրեն շատ է դուր գալիս Կաննում, սակայն իրեն շփոթված է զգում. «Այստեղ այնքան հայտնի մարդիկ կան»,-ասել է նա:
Երկրորդ օր
Կաննի կինոփառատոնի երկրորդ օրը կցուցադրվի եգիպտացի ռեժիսոր Յուսրի Նասրալլիի «Պատերազմից հետո» (Baad el Mawkeaa) ֆիլմը, որը հիմնված է փաստագրական իրադարձությունների վրա, ինչպես նաև Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը, որը պատմում է կետադելֆիններ վարժեցնող կնոջ և բռնցքամարտիկի սիրո մասին; Նրանցի առաջինը կորցնում է ոտքերը, երկրորդը, լուրջ վնասվածքից հետո, ստիպված է լինում ապրուստը վաստակել փողոցային մենամարտերով: