Մայիսի 16-18-ը Երևանում տեղի է ունենում «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի նախագիծը, որին մասնակցում են ԼՂՀ-ի` Ստեփանակերտի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի մանակապատանեկան ստեղծագործական համույթները, նկարիչներն ու անհատ կատարողները:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում մայիսի 17-ին կբացվի գեղանկարչական ցուցահանդես: Կցուցադրվեն արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 20 լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական արվեստի նմուշները:
Ցուցահանդեսի բացումից հետո նույն վայրում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն Արցախի երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների, երաժշտական քոլեջի, վարժարանի, մանկական ստեղծագործական կենտրոնների պատանի երաժիշտ-կատարողները, պարային համույթները:
Մարզից ժամանած երեխաներն իրենց մայրաքաղաքային ուղևորությունը կավարտեն էքսկուրսիայով:
«Մենք ենք, մեր մարզը» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2008 թ. և միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը, մայրաքաղաքի բնակչության իրազեկվածությանը յուրաքանչյուր մարզի մշակութային ձեռքբերումներին: 2008-2012 թ.թ. ընթացքում ծրագրին մասնակցել են ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերի մանակապատանեկան ստեղծագործական համույթները, նկարիչներն ու անհատ կատարողները, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:






