Այս տարի Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը պատրաստել է անակընկալ:
Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, առաջին անգամ կազմակերպվելու է «Դաստախուն»: Չմանրամասնելով միջոցառումը՝ Հակոբյանը միայն նշեց, որ բառը պարսկերեն ծագում ունի և բառացի նշանակում է «ձեռքով հյուրասիրություն»: Տնօրենի խոսքով՝ այն բավական ծախսատար միջոցառում է, սակայն այսուհետ կրելու է ավանդական բնույթ:
Թանգարանային գիշեր 2012-ն անցկացվելու է մայիսի 19-ին: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման ընթացքում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի կողմից:






