AM
17 Մայիս 2012 - 13:28 AMT

Վանաձորի մանկավարժական համալսարանը Wi-Fi կունենա

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վանաձորի մանկավարժական համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչով ապահովված լսարան և Wi-Fi անկյուն: Այս մասին հաղորդում են ընկերության լրատվության բաժնից։

«Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև` նյութի մատուցման ձևը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Հավանաբար, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ արդյունավետ միջոցներից մեկը համացանցն է: Մենք պատրաստ ենք աջակցության հարցում: Ցանկանում ենք տեսնել մի սերունդ, որը պատրաստ է ընտրել կրթվելու և զարգանալու համար եղած հնարավորություններից լավագույնը»,- ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ: Համալսարաններին կտրամադրվեն նաև ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ. տեսակոնֆերանսների կազմակերպման սարքեր, սերվերներ և UPS սարքեր, համակցման և ցանցի կառուցման այլ սարքեր` ի հավելում այդ բուհերում ստեղծվելիք Wi-Fi անկյունների: