Մայիսի 18-ին «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնի շրջանակում ելույթ կունենա հանրահայտ դաշնակահար Արմեն Բաբախանյանի մենահամերգը: Ելույթը տեղի է ունենալու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգում հնչելու են Վ.Ա.Մոցարտի, Ա.Բերգի,Ս.Ֆրանկի և Մ.Մուսորգսկու ստեղծագործությունները:
Դաշնակահար Արմեն Բաբախանյանը ուսումը ստացել է Երևանում` պրոֆ. Ա.Բոգդանյանի դասարանում, այնուհետև շարունակել է ուսումնառությունը Կլոդ Ֆրանկի և Վերա Գորնոստաևայի ղեկավարությամբ:
Մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող ու մրցանակակիր Արմեն Բաբախանյանն, իր կատարումների անկեղծությամբ ու արտիստիզմով վաղուց գրավել է հանդիսատեսի և երաժշտաքննադատների ուշադրությունը:
Արմեն Բաբախանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Միացյալ Թագավորությունում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Ունի բազմաթիվ ձայնագրություններ, նրա համերգները հեռարձակվել են հեղինակավոր հեռուստառադիոընկերությունների կողմից (BBC, PBS ,ORF, RAI): 1999-ին հիմնադրել և ղեկավարել է Համահայկական մրցույթը Երևանում: Վարպետության դասեր է տվել Ռուսաստանում, Իսպանիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: 2004-ին հիմնել է «Կադանս» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է: Այժմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, 2011-ից` դաշնամուրային ֆակուլտետի դեկան: Շարունակում է ակտիվ համերգային և մանկավարժական գործունեությունը. առաջիկայում պլանավորված են մի շարք ելույթներ և վարպետության դասընթացներ Գերմանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում,ԱՄՆ-ում, Ճապոնիայում: Փառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: 2008-ից այն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:






