AM
21 Մայիս 2012 - 08:44 AMT

«Նոր սերնդի» անձը հաստատող փաստաթղթերը հասանելի կլինեն հունիսի 1–ից

Հունիսի 1–ից կիրառության մեջ կմտնեն նոր նույնականացման քարտերը և կենսաչափական անձնագրերը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր ասաց Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։

Նույնականացման քարտեր ստանալը կարժենա 3000 դրամ, իսկ կենսաչափական անձնագրերը՝ 25 000 դրամ։ Դրանց քաղաքացու կողմից ձեռքբերումը կամովին է, որովհետև կիրառության մեջ են մնալու նաև ներկայիս անձնագրերը։

Կենսաչափական անձնագրերի կիրառումը, Հովհաննես Քոչարյանի խոսքով, կհեշտացնի ելքի վիզա ստանալու բեռը, իսկ մերժման դեպքերն էլ, նրա հավաստմամբ, կնվազեն։ Թե կոնկրետ ինչպես է հեշտացվելու, Քոչարյանը ` չմանրամասնեց։ Նոր սերնդի անձնագրերում ներառված են լինելու մատնահետքերի մասին ինֆորմացիա, լուսանկար և ստորագրություն, իսկ ցանկության դեպքում հնարավոր է նաև ավելացնել ամուսնական կարգավիճակը, զինծառայության մասին տեղեկատվությունը։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի համոզմամբ, կենսաչափական անձնագրերի գործառության մեջ դնելը կնվազեցնի անձնագրերի կեղծման հավանականությունը, կավելացնի անցանկալի մարդկանց հայտնաբերումը և այլն։

Նույնականացման քարտերով էլ թեև հնարավորություն չի լինի ճամփորդել Հայաստանից դուրս, սակայն դրանք ավելի դյուրին են դարձնում պետական մարմինների հետ շփումը։ Դրա միջոցով հնարավոր կլինի գործարքներ կատարել նույնիսկ առանց ֆիզիկական ներկայության։ Քոչարյանը նշեց, որ նույնականացման քարտերի կիրառումը կբարելավի հանրային ծառայությունների որակը և ավտոմատացված համակարգերն ավելի լիարժեք կօգտագործվեն։

Նույնականացման քարտերն ամբողջությամբ փոխարինելու են սոցիալական քարտերին։ Նույնականացման քարտն ունենալու է քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի և էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր:

Հունիսի 1–ից կենսաչփական անձնագրեր և նույնականացման քարտեր կարող են ստանալ միայն Երևանի, Վանաձորի և Գյումրու քաղաքացիները։ Մնացած մարզերում այս ծրագիրը կներդվի աստիճանաբար։