Մեղրիկյան աչքի կենտրոնը Գեղարքունիքի մարզում իրականցնում է դիաբետիկ ռետինոպաթիայի կանխարգելմանն ուղղված ծրագիր, որի նպատակն է նվազեցնել կուրությունը և տեսողական այլ խնդիրները շաքարային դիաբետով հիվանդների շրջանում: Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարային դիաբետի տարածված բարդություն է: Շաքարային դիաբետի ճիշտ և ժամանակին վերահսկման դեպքում նշանակալիորեն նվազում է դիաբետիկ ռետինոպաթիայի առաջացման վտանգը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Մեղրիկյան աչքի կենտրոնից:
Ծրագիրն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի հինգ հիմնական քաղաքները՝ Սևան, Գավառ, Ճամբարակ, Մարտունի և Վարդենիս, և մարզի խոշոր գյուղերը: Շաքարային դիաբետով հիվանդները անցնում են ակնաբուժական զննում և խորհրդատվություն:
Հիվանդներին նաև տրամադրվում է շաքարային դիաբետի ճիշտ վարման և դիաբետիկ ռետինոպաթիայի վերաբերյալ կրթական նյութեր, ինչը նպատակ ունի բարձրացնելու իրազեկման մակարդակը հիվանդության կանխարգելման վերաբերյալ շաքարային դիաբետով հիվանդների շրջանում:
Մինչ օրս Մեղրիկյան կենտրոնի մասնագիտական խումբը այցելել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Ճամբարակ քաղաքներ և իրականցրել է ակնաբուժական զննում 268 հիվանդների շրջանում:
Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության կենտրոնը գործում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնին կից 1999թ.-ից: Մինչ օրս կենտրոնը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր և գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպել է կուրության կանխարգելմանն ուղղված տարբեր հասարակական և մասնագիտական կրթական սեմինարներ և կոնֆերանսներ Հայաստանում:






