AM
21 Մայիս 2012 - 09:53 AMT

Այսօր բացվում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»

Այսօր` մայիսի 21-ին բացվում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Շաբաթը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի ժամանակ և այսուհետ ամեն տարի մայիս ամսվա չորրորդ շաբաթը նվիրվելու է հենց այդ միջոցառումների շարքին:

Պողոսյանի խոսքով, «Շաբաթվա» գլխավոր միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 24-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղ Երևանի և մարզերի երեխաները ելույթ կունենան բազմաժանր ծրագրով, ինչպես նաև տեղի է ունենալու ձեռքի աշխատանքերի ցուցահանդես-վաճառք:

Մշակույթի նախարարությանը միացել են մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը, ՀԿ-ներ, և լինելու է շուրջ 40 միջոցառում: Նախատեսված է պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում հանրապետության երաժշտական կրթօջախներին, ՀՀ մշակույթի նախարարության «Շնորհալի և տաղանդավոր երեխաների տեղեկատվական բանկում» ընդգրկված երեխաների համերգ և գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես մարզերում, ՀՀ մարզերի շնորհալի երեխաների համերգ և այլն:

Մշակութային կրթության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն ավելացրեց, որ բացի ցուցահանդեսներից և համերգներից, հենակետային դպրոցներում կանցկացվեն վարպետության դասեր, կլինեն նաև դասընթացներ մանկավարժների համար: Միջոցառումներում ներգրավվելու են նաև մանկատան երեխաներ: