ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է ստեղծել երաժշտական գործիքների շրջանառման ֆոնդ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նրա խոսքով, այսօր Երևանի և մարզերի երաժշտական դպրոցներում գործիքների խնդիր կա, կան մանկավարժներ, բայց գործիքի բացակայության պատճառով չեն կարողանում դասավանդել տարբեր մասնագիտություններ: Ֆոնդի ստեղծման գաղափարը քննարկվում է արդեն 2 տարի, և այս տարի նախարարությունը ծրագիրը կներկայացնի կառավարությանը` 2013 թ-ի համար:
Ֆոնդն, ըստ պահանջի, երաժշտական դպրոցներին կտրամադրի երաժշտական գործիքներ` բացառապես օգտագործման իրավունքով: Գործիքի տրամադրման ժամանակահատվածում նախարարությունը կվերահսկի դրա շահագործման ընթացքը, և ժամանակ առ ժամանակ կվերանորոգի:






