Գերմանացի դիջեյը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի (ԵԵՄ) պաշտոնական ակումբում իրարանցման պատճառ է դարձել: Երեկոներից մեկի ժամանակ նա հնչեցրել է հայկական երաժշտություն: Գերմանական pnn.de-ն նշում է, որ Ղարաբաղի շուրջ քաղաքական և ռազմական կոնֆլիկտը հասնում է մինչև Բաքվում Եվրատեսիլի պաշտոնական ակումբի պարահրապարակ: Երբ գերմանացի դիսկժոկեյ Դուցե Փոյնթսը շաբաթ գիշերը հայկական երգ է միացրել, այսպես կոչված «Եվրոակումբի» աշխատակիցներն արգելել են նրան հնչեցնել այն: Այդ գիշեր պաշտոնական ակումբ էին եկել արտիստներ, օգնականներ, պատվիրակություններ, լիազորված լրագրողներ և հավատարիմ երկրպագուներ:
Ադրբեջանի ԵԵՄ խոսնակ Կամրան Աղասին հաստատել է շրջանառվող լուրը. «Հայաստանն առանց ներողություն խնդրելու անսպասելիորեն հրաժարվեց ԵԵՄ մասնակցությունից: Ի՞նչ պետք է բացատրենք մարդկանց, երբ հանկարծ սկսում է հնչել հայկական երաժշտություն»,- պատճառաբանում է Աղասին:






