BBC հեռուստաընկերության լրագրող Փոլ Քենյոնն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող Ալիևների բռնապետությանը և երկրում «Եվրատեսիլ» երգի մրցույթի քաղաքականացվելու փաստին: Ռեպորտաժը կոչվում է «Ադրբեջանի «Եվրատեսիլի» կեղտոտ գաղտնիքները»:
Քենյոնի խոսքով, Ադրբեջանը հյուրընկալ չէ հետաքննող լրագրողների նկատմամբ: Դա մի երկիր է, ուր երգի մրցույթի քվեարկությունը վերահսկվում է ազգային անվտանգության կողմից: Նա նաև մատնանշում է Ալիևների հսկա կարողությունները, և միլիարդի հասնող նավթի ռեսուրսները: Լրագրողի խոսքով, Ադրբեջանը միլիոններ է ծախսում, աշխարհին զարմացնելու համար: Ռեպորտաժում հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ասում է, որ Ադրբեջանը կառուցում է իր պրոպագանդան Եվրատեսիլի վրա, դա արդար չէ:
BBC-ի լրագրողը հիշեցնում է 2009 թվականը, երբ «Եվրատեսիլում» Հայաստանի ելույթի ժամանակ անհասկանալի պատճառով մալուխը կտրվեց: «Ժողովրդավարամետ գաղափարների կողմնակից Ռովշան Նազերլին որոշեց քվեարկել Հայաստանի օգտին, որպես բողոքի նշան: Սակայն Ադրբեջանում, երգի մրցույթում թշնամի երկրի օգտին նույնիսկ քվեարկելը մեծ ռիսկ է», ասում է Քենյոնը: Ռովշանի խոսքով, նա չէր լսել Հայաստանի երգը և չէր համակրում Ինգա և Անուշ Արշակյաններին, նա պարզապես քվեարկել է որպես բողոքի նշան: Երկար չանցած Ազգային անվտագության նախարարությունը մյուս քվեարկողների հետ միասին կանչեց նրանց: «Այս տարի Հայաստանը վախենալով իր անվտանգության համար, չի մասնակցում մրցույթին», ասվում է տեսանյութում:
Լրագրող և ակտիվիստ Էմին Հուսեյնովն ասում է, որ կառավարությունն ամեն կերպ վերահսկում է նրանց, նրա գործընկերները սպանվում են և սպանողներին չեն գտնում: Նա չի սպանվել միայն այն պատճառով, որ շատ ճանաչված է: Նրա գործընկեր Էլմար Հուսեյնովը սպանվել է 7 կրակոցով, շատերը ձերբակալված են: Այսօր Ադրբեջանի բանտերում 70 քաղբանտարկյալ կա:
Տեսանյութում բերվում են նաև Վիկիլիքսի տվյալները Ալիևների մասին: Լրագրողը ներկա է գտնվել նաև ընդդիմության խաղաղ ցույցին, բայց մասնակիցներից ոչ ոք հարցազրույց չի տվել, վախենալով իր համար: Ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլին, այնուամենայնիվ, համաձայնել է հարցազրույց տալ, որի ժամանակ ասել է, որ անձնագիրը 7 տարի առաջ իր ձեռքից վերցրել են: Նրան հետևում են տան մոտ, ցույց տալով, որ կիսում են քո կյանքը, գիտեն քո մասին ամեն ինչ:
Լրագրողը ցույց է տալիս, որ Բաքվում կան բրենդային խանութներ, թանկարժեք մեքենաներ, շքեղ շինություններ, բայց ամբողջը վերահսկվում է Ալիևների ընտանիքի կողմից: Լրագրողի մեքենային այդ ընթացքում անընդհատ հետևել են:






