AM
24 Մայիս 2012 - 07:31 AMT

Կուրիսի Ամենափրկիչ եկեղեցին կտեղափոխվի Ագարակ

Սյունիքի մարզի Կուրիսի գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցին տեղափոխելու է Ագարակ քաղաքի տարածք, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Դեռևս 2008 թ. եկեղեցու հետագա պահպանության խնդիրներից ելնելով ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները տեղում ուսումնասիրել են եկեղեցու և նրա պահպանական գոտու տեխնիկական վիճակը: Ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դեռևս խորհրդային տարիներին հանքի բաց շահագործման արդյունքում, խախտվել է պահպանական գոտու ռեժիմը, վնասվել է տարածքի շուրջ 60 տոկոսը, իսկ եկեղեցին հայտնվել է մոտ 12 մետր բարձրություն ունեցող զառիթափ լանջի եզրից 2.5 – 3.0 մետր հեռավորության վրա: Բացի նշվածից հանքի շահագործման հետևանքով պահպանվածության առումով անհամեմատ վատթարացել է հուշարձանի տեխնիկկան վիճակը:

Երկարատև բանակցություններից և պարզաբանումներից հետո «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ նախատեսում է ձեռնարկել եկեղեցու տեղափոխման աշխատանքները` միաժամանակ խնդրելով իրենց տրամադրել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերը:

2012 թ. «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով կատարվում են եկեղեցու ուսումնասիրման և տեղափոխման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:

2012 թ. մարտի 24-ի N 9-28 որոշմամբ 0.5 հա հողատարածք է հատկացրել այդ նպատակի համար: Կատարվել են տարածքի տեղագրական հանույթի և երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ:Կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Պատմամշակութային հուշարձանի տեղափոխման թույլտվություն տալու մասին» որոշման նախագիծը: Հուշարձանի չափագրման և նախագծման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև հուշարձանին հարող տարածքի պեղման աշխատանքները: