AM
24 Մայիս 2012 - 07:42 AMT

Մայիսի 28-30-ը Երևանում կանցկացվի Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնը

Մայիսի 28-30-ը «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Այս տարի Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնի ծրագրում ներառված են շուրջ 21 մրցութային ֆիլմեր` «Լավագույն ֆիլմ», «Ուսանողական ֆիլմ» (կինոինստիտուտներ, քոլեջներ), «Երիտասարդական ֆիլմ» (մինչև 25 տարեկան), «Լավագույն սփյուռքահայ ֆիլմ» անվանակարգերում:

Լավագույն ֆիլմերը կմասնակցեն 2012 թ. օգոստոսին Բուլղարիայում կայանալիք Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության` UNICA-ի միջազգային փառատոնին:

Այն կազմակերպում է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը (CANC), ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի նպատակն է Հայաստանում և Սփյուռքում զարգացնել անկախ ֆիլմերի արտադրությունը, ինչպես նաև այս ոլորտում խթանել` տեղի և արտերկրի ներուժի համագործակցությունը:

Անցած տարի Շավարշ Համբարձումյանի «Դաժան սիրավեպ» անիմացիոն ֆիլմն արժանացել է Լյուքսեմբուրգում կայացած UNICA-ի 73-րդ կինոփառատոնի արծաթե մեդալի: