«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօր տարածած հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը չի անդամակցի նորաստեղծ կոալիցիային՝ հայտարարելով, որ իրականում ոչինչ չի փոխվում և ԲՀԿ-ն միևնույն է ընդդիմադիր չի դառնա: «Այն, որ ԲՀԿ-ն սպասարկելու է քաղաքական մեծամասնության շահերը, կասկած չի հարուցում»,-ասել է նա:
Սաֆարյանն նաև անդրադարձել է մայիսի 6-ի ընտրություններին՝ հայտարարելով, որ ընտրությունների ժամանակ կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերը «փայլուն կոմբինացիայի» շնորհիվ կատարեցին կոալիցիայի հուշագրի դրույթները՝ պահպանեցին ուժերի հավասարությունը կոալիցիայի ներսում ու ավելացրեցին մանդատների քանակը մյուս քաղաքական ուժերի հաշվին:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. « «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:
ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը»:






