AM
24 Մայիս 2012 - 12:24 AMT

Է. Վարդանյան. Իշխանությունները լիարժեք չեն ներկայացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցի գնահատականները

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրափակիչ զեկույցը մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների մասին դեռ չկա, ուստի դժվար է եզրակացնել, թե ինչպես են նրանք գնահատում անցած ընտրությունները»,-այսօր լրագրողներին է հայտարարել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի մասնագետ Էդգար Վարդանյանը: Նա ասել է, որ այդ մարմնի նախնական զեկույցում հայաստանյան ընտրությունները բնութագրված են որպես «դրական, սակայն բազմաթիվ բացասական երևույթներով»:

Մասնագետն ասել է, որ այս անգամ ևս իշխանությունները տեքստից վերցրել են այն արտահայտությունը, որ ընրարշավն անցել է մրցունակ պայքարում, ու տարածել են նաև բուն ընտրությունների վրա: Բացի այդ, ըստ նրա, լայնորեն լուսաբանելով առաջին նախադասությունը, լռութայն են մատնվում դրան հաջորդող արտահայտությունները, որտեղ ասվում է, որ «անմրցունակ դաշտ էր» ստեղծվել, բավարար ուշադրություն չր դարձվել ընտրողների հանդեպ ճնշումներին, խախտումների մասին բողոքներին, վարչական ռեսուրսի կիրառման անթույլատրելիության մասին:

Մայիսի 7-ին Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որի համաձայն մայիսի 6-ին Հայաստանում կայացած ընտրություններում հայտնաբերված խախտումները չէին կարող զգալի ազդեցություն ունենալ արդյունքների վրա:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. . Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: