AM
29 Մայիս 2012 - 07:28 AMT

Թբիլիսիում նշվեց Սայաթ-Նովայի 300 ամյակին նվիրված ավանդական Վարդատոնը

Մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Վարդատոնի հանդիսավոր ավանդական արարողությունը: Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Ս.Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին տեղի է ունեցել հիշատակի մաղթանքի արարողությունը:

Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թվականի հոբելյանների ցանկում:

Վարդատոնը հիմնվել է 1914 թվականին Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի կողմից: Այն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին կիրակի օրը:

Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը և այլ հյուրեր:

Համերգին ելույթ ունեցան Հայաստանից ժամանած աշուղական երգի «Սայաթ-Նովա» և «Հավասի» համույթները:

Համերգին ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: