Ռուսական «Մայակ» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Ասլանյանը, ում վրա նախօրեին հարձակում էին գործել, վիրահատվել է և գիտակից վիճակում է: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն, հարձակումը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ:
Ռադիոհաղորդավար Սերգեյ Ասլանյանը, ում վրա երկուշաբթի երեկոյան Մոսկվայում հարձակում էին գործել, գիտակից վիճակում է և նրա վիճակը կայուն է, մայիսի 29-ին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ավելի վաղ օրինապահ մարմինների աղբյուրից տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Մոսկվայի հարավում սեփական տան մերձակայքում «Մայակ» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Ասլանյանի վրա հարձակում է իրականացվել:
ՌԻԱ Նովոստիի տվյալների համաձայն, 46-ամյա լրագրողին ուշ երեկոյան զանգահարել է մի անծանոթ և խնդրել ներքև իջնել: Երբ Ասլանյանը դուրս է եկել տնից, նրա գլխին հարվածել են ծանր առարկայով և դանակով մի քանի հարվածներ հասցրել կրծքին, պարանոցին, ձեռքին:
«Մայակ» ռադիոկայանում հաստատել են լրագրողի վրա հարձակման փաստը, ընդգծելով, որ Սերգեյ Ասլանյանը ռադիոկայանի հաստիքային աշխատակից չէ, այլ ավտոմեքենաների թեմայով փորձագետ: ՌԲԿ գործակալության կայքում հաղորդվում է, որ վարկածներից մեկի համաձայն, հարձակումը կարող է կապված լինել մասնագիտական գործունեության հետ: Վերջինս երաժշտական ալիքներից մեկի եթերում մի արտահայտություն է թույլ տվել մարգարե Մոհամեդի մասին, որոնք որոշ ռադիոլսողների կարող էին վիրավորական թվալ: