AM
29 Մայիս 2012 - 10:02 AMT

Ռուբեն Թովմասյան. Ընտրակաշառքները որոշեցին երկրի ապագան

«Նոր մարդիկ կուսակցական ցուցակներում չկան, նույն դեմքերն են, և նրանց գործունեության արդյունավետության գործակցին ժողովուրդն արդեն ծանոթ է»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունները: «Այդ ընտրությունների արդյունքները մենք չենք ընդունում»,-ասել է նա: Ընտրակաշառքները որոշեցին երկրի ապագան, իշխանության համար պայքարում էին կուսակցությունները, որոնց քարոզարշավն անցավ կեղծ խոստումներով, ասել է նա:

Շատերը ընտրություններից անմիջապես հետո որոշեցին հեռանալ երկրից: 1921թ. հակառակ գործընթացն էր, մարդիկ վերադառնում էին երկիր այն հզորացնելու, զարգացնելու համար, իսկ ներկայիս իշխանությունները զանգվածային արտագաղթի են տանում:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. .. . Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: