AM
29 Մայիս 2012 - 14:44 AMT

Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Վիեննայի հռչակավոր Կոնցերտհաուսում

Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Վիեննայի հռչակավոր Կոնցերտհաուս համերգասրահում: Ինչպես հայտնում է երաժիշտի պաշտոնական կայքը, ջութակահարը ելույթ է ունենալու Վիեննայի կամերային նվագախմբի հետ և կատարելու է Մոցարտի ջութակի 3-րդ կոնցերտը:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ-դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, ուսումը շարունակել է պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Ռիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար։ Տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ տարին մի քանի անգամ։ Պարբերաբար մասնակցում է դասական երաժշտության երևանյան Վերադարձի փառատոնին։