«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «ՀՀԿ-ի միակ ու անփոխարինելի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հարցերը «հորով-մորով» անելուց հետո հիմա էլ, ասում են, բուռն լոբբիստական աշխատանքներ է սկսել իրականացնել նոր կառավարության կազմի հետ կապված` խոր համոզմունք ունենալով, որ լավ-վատ, իր խոսքին էլ ականջ դնող կլինի:
«ՉԻ» լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրագույն ՀՀԿ-ականների ու մասնավորապես ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մոտ կարծիք է հայտնել, որ նոր կառավարության կազմում ինքը շատ կցանկանար տեսնել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որն, ըստ վարչապետի, հանձնարարականներ կատարելու մեջ գերազանցիկ է: Սարգսյանն ակնարկել է, որ ՀՀ առողջապահության նախարարի պորտֆելը վատ չէր լինի, որ հասներ Արա Բաբլոյանին, որն, ըստ նրա, վարչարար է ու փող հաշվել գիտի: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում` վարչապետի աչքով, իրեն կարդարացներ ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, թեև, վարչապետի տեսանկյունից, ՀՀ-ի գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանն էլ արժանի է այդ պաշտոնին: Բնապահպանության նախարարի գործը, Սարգսյանի դիտարկմամբ, վատ չէր լինի, որ կրկին շարունակեր Արամ Հարությունյանը՝ Բուլկին, որը նույնպես այդ ոլորտում «հին աղվեսներից» է համարվում»:






