Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը իր հոդվածում անդրադառնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցին Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Ըստ Քանդահարյանի, ԱԺ խորհրդարանական ընտրությունների մասին դրական գնահատականին հաջորդեց բացասական այս գնահատականը, որի պատճառը նա համարում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելը:
Խմբագիրը ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ զեկույցում խոսվում է հայկական բանակում առկա խնդիրների, սոցիալական հարցերի առկայության մասին, սակայն դա չէ գլխավորը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում ասվում է, որ «հայ անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը և շրջապատող 7 տարածքները»: Սա ևս համապատասխանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ոգուն, որտեղ շեշտը դրվեց տարածքային ամբողջականության վրա՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, գրում է Քանդահարյանը: Նա հարց է տալիս, թե ինչու է մի կողմից ԱՄՆ սատարում է ԵԱՀԿ ՄԽ-ին, մյուս կողմից, նման հայտարարություններ անում: «Ավելի պարզ` ինչի՞ շուրջ կբանակցի ամերիկացի պաշտոնատարը, եթե իր պետությունը հաստատում է, որ «անջատողական» հայերը, Հայաստանի աջակցությամբ կշարունակեն վերահսկել Լեռնային Ղարաբաղի շրջանն ու 7 տարածքները: Եթե վճռված է, որ այդ շրջանները ադրբեջանական են, ապա ի՞նչ իմաստ ունեն բանակցությունները և ի՞նչ իմաստ ունի այս պարագային մանավանդ բանակցային գործընթացը համանախագահելը»-,ասվում է հոդվածում: Բացի այդ, հարց է ծագում ՝ Արցախին տրված ամերիկյան օժանդակության բարձրացումը անջատողական հայերի՞ն է ուղղված, որոնք Հայաստանի օժանդակությամբ կվերահսկեն Արցախն ու 7 տարածքները»,-ասվում է հոդվածում:
«Ամենայն հավանականությամբ ինքնահակասական դրսևորումների նոր շարքի ականատես կդառնանք շուտով: Թվում է, ինքնահակասումը պաշտոնական վարքագծի կարևոր բաղադրիչի է վերածված, որը կարող է բացատրվել դիվանագիտական մակարդակի փտածությամբ, հայտարարություն կատարելու կամ զեկուցում հրապարակելու «անջատողականությամբ» եւ հատկապես անպատժելիությամբ ու հաշվետվության բացակայությամբ»,-եզրափակել է Քանդահարյանը: