Հայաստանը Կաննի կինոփառատոնի կինոշուկայում ձեռք է բերել բազմաթիվ համատեղ արտադրության և դիստրիբուցիոն ծրագրերի վերաբերյալ համաձայնություններ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Գևորգյանը հանդիպել է չինական, իր կարևորությամբ 2-րդ հեռուստաալիքի պատասխանատուների հետ, քննարկել երկու երկրների միջև կինոհամագործակցության հարցերը, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆիլմերի փոխանակման և ցուցադրման վերաբերյալ, որոշվել է Հայաստանի և Չինաստանի մասին տեղեկատվական բնույթի ֆիլմեր նկարահնել և ցուցադրել:
Նա հանդիպել է նաև Ruscico դիստրիբյուտորական ընկերության ֆիլմերի վերականգնողական հարցերով տնօրեն Իգոր Լոպատյուկի հետ, քննարկել հայկական ֆիլմերի վերականգնման և դրանց դիստրիբուցիան կազմակերպելու հարցերը: Բացի այս, Գևորգյանը բազմաթիվ այլ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների կինոընկերությունների, ֆոնդերի և դիստրիբյուտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ տնօրենի, նախորդ տարիների համեմատ այս անգամ հայկական տաղավարի և հայկական կինոնախագծերի նկատմամբ մեծ հետաքրքրություն է եղել: Մասնակից ռեժիսորներն ու պրոդյուսերները առանձին հանդիպել են տարբեր կինոընկերությունների ներկայացուցիչների հետ և պայմանավորվածություններ ձեռք բերել:
Հայկական բոլոր կինոնախագծերի շնորհանդեսները տեղի են ունեցել կինոշուկայի հայկական տաղավարում, բացի Հովհաննես Գալստյանի կինոնախագծից: Նրա «Լուսավոր շրջան» ֆիլմի նախագիծը ներկայացվեց ռուսական տաղավարում` նախնական պայմանավորվածության համաձայն: Հենց Կաննում էլ հայտնի դարձավ, որ ռեժիսորի նույն կինոնախագիծը, որը մասնակցել է EAVEN BEST ծրագրին, 5 հաղթած նախագծերից մեկն է: Այդ ծրագրին մասնակցած 60 կինոնախագծից ընտրվել է հինգը, որոնցից 1-ը վրացական, 3-ը` ռուսական և 1-ն էլ հայկական ֆիլմ է: Կինոշուկայում Հայաստանը ներկայացրել էր 11 կինոնախագիծ:






