AM
1 Հունիս 2012 - 10:46 AMT

Ալեքսանդր Սոկուրովը կարժանանա Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած մրցանակին

Ռուս հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովն կարժանանա Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած մրցանակին` հոգևոր արժեքներ դավանելու համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Ռեժիսորն այս տարի կհյուրընկալվի «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնին, որի ընթացքում կլինի նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Ալեքսանդր Սոկուրովը ծնվել է 1951 թ-ին ՌԴ Իրկուտսկի մարզում: Մեծացել է Լեհաստանում և Թուրքմենիայում: 1969 – 1975 թթ. Գորկու համալսարանի պատմության ֆակուլտետում ուսանելու տարիներին, աշխատել է հեռուստատեսությունում, միաժամանակ սովորել Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժնում: Նրա դիպլոմային աշխատանքը և 1980 – 85 թթ. «Լենֆիլմում» նկարահանած ֆիլմերը մինչև 1986 թ. չեն ցուցադրվել: 1995-ին դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ:

Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերն են «Մարիա Վոյնովայի ամառը» (1975), «Սոնատ Հիտլերի համար» (1979), «Եղերերգ» (1986), «Իրիկնային զոհաբերություն», «Մայր և որդի» (1997), «Հանգույց» (1999), «Ալեքսանդրա» (2007), «Ֆաուստ» և այլն: