Հունիսի 6-13-ը Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար:
Ինչպես հայտնում է մրցույթի մամլո ծառայությունը, մրցույթին մասնակցելու են աշխարհի շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ (Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Մոլդովա, Լեհաստան, Ֆրանսիա և այլն):
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանում է հետևյալ մրցանակները `1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ և 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ:
Մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները պարգևատրվելու են` յուրաքանչյուրը դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով:
Այս տարի պատվավոր ժյուրիի նախագահն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և նվագախմբային ֆակուլտետի դեկան Էդուարդ Թադևոսյանը:
Մրցույթի գործընկերն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Նախագիծն իրականանալու է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան – մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով, և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիևը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը և այլոք:






