«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դ. Մաթևոսյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը մասնակցելու է Բեռլինի (հունիսի 1-4-ը) և Ջենովայի (հունիսի 7-10) պոեզիայի ամենամյա փառատոներին:
Այն կայանալու է Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը` գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակման կապակցությամբ:
Դ. Մաթևոսյանին նշված փառատոներում հրավիրել են գործընկերային հանդիպումների (Բեռլինում` «Լիրիքլայն.օրգ» միջազգային նախագծի կողմից, Իտալիայում` որպես «Գրական տապան 2012»-ում ձևավորվող Հայաստանի պոեզիայի փառատոնի կազմակերպչի): Բեռլինի պոեզիայի փառատոնի հյուրն է նաև երիտասարդ բանաստեղծուհի Տաթևիկ Չախչախյանը:
Ջենովայի պոեզիայի փառատոնին հրավիրվել են «Դլե Մկոն Դե կիթառ և վոկալ» նախագծի ղեկավար Աշոտ Ադամյանը, մասնակցում են Արմինե Գեղամյանը, Քրիստինե Ղազարյանը և երիտասարդ բանաստեղծներ Նշան Աբասյանը, Հասմիկ Սիմոնյանը: Համերգը կհամադրվի բանաստեղծների ընթերցումներով: Փառատոնում հատուկ օր է նախատեսվում նաև հայկական խոհանոցի երաժշտական շնորհանդեսի համար, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:






