«Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության» նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի մեկնաբանում ապագա կառավարության կազմը, որն այսօր քննարկվելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի և Գործադիր մարմնի նիստում:
Ընդ որում, նա դրական գնահատական է տվել ներկայիս կառավարությանը, որը «ստեղծված իրավիճակում ադեկվատ էր գործում»: Այս համատեքստում Խոսրով Հարությունյանը ուշադրություն է դարձրել նրան, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում այս կառավարության գործունեության մասին պետք է դատել ոչ թե ըստ նվաճած արդյունքների, այլ ըստ նվազագույն կորուստների:
Ինչ վերաբերում է ԲՀԿ նախարարների, մասնավորապես` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի և առողջապահության նախարար Հարություն Քուշքյանի, կառավարության կազմում ընդգրկվելուն, ապա Խոսրով Հարությունյանի կարծիքով, նոր կառավարությունում, նրանք, հավանաբար, չեն լինի: Ընդ որում, նա չի բացառել, որ նրանք կարող են չմնալ որպես ԲՀԿ ներկայացուցիչներ, այլ որպես իրենց ոլորտի ներկայացուցիչներ:






