Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ երեկվա սադրանքն ու սպանությունները «նվիրված էին» ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին տարածաշրջան: «Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ և չկա ձևավորված ստատուս-կվո»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Մելիք-Շահնազարյանը նշել է, որ երկար տարիներ համաշխարհային հանրությունը տառացիորեն համոզում է Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն դա չի աշխատում: Ըստ քաղաքագետի, Ադրբեջանի նպատակն է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ մտադրություն ունենալով ներգրավել և ուժեղացնել Թուրքիայի դերը: Մելիք-Շահնազարյանը մեկնաբանել է նաև պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ նա Բաքվում Իլհամ
Ալիևի հետ հանդիպմանը կբարձրացնի ղարաբաղյան խնդրի ուժային լուծման անթույլատրելիության հարցը: «Եթե հայտարարությունները լինեն միայն արձանագրությունների մակարդակի վրա, վստահ եմ, դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա»,-ասել է նա:
Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը, ևս 5 հոգի վիրավորվել է:






