Հունիսի 2-ին Թբիլիսիում կայացավ «Մեկ երկնքի տակ – մշակույթների երկխոսություն» նշանաբանով բազմազգ արվեստի փառատոնը: Փառատոնին ներկա էին Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուռուան և պաշտոնատար այլ անձինք:
Փառատոնը բացելու պատիվը շնորհվեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթին (պարուսույց Սվետլանա Երիցյան): Համույթի գեղեցիկ և բարձրարվեստ ելույթներն ուղեկցվեցին հանդիսատեսի հիացմունքով, հոտընկայս ու չդադարող ծափահարություններով: «Մախմուր աղջիկ», «Ազգագրական պարերի շարան» «Պոպուրի» և «Կինտաուրի» համարներն արժանացան խստապահանջ մրցատյանի ամենաբարձր գնահատականներին: Համույթի բոլոր մասնակիցները դարձան «Լավագույն» անվանակարգով փառատոնի դափնեկիրներ, ստանալով դիպլոմներ և նվերներ: Իսկ «Լավագույն պարային համույթ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ջեյրանը»:
Հուլիսի 3-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո իշխում էր ուրախությունն ու ցնծությունը: Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնանքի և գնահատանքի իր խոսքում շնորհավորեց »Ջեյրան» համույթի բոլոր մասնակիցներին և նրանց ծնողներին, պարուսույց Սվետլանա Երիցյանին մեծ հաղթանակի և մայր հայրենիքից դուրս հայ պարային արվեստն ու մշակույթը պահպանելու, զարգացնելու և բարձր մակարդակով ներկայացնելու համար: Վերջում հանդիսավոր պայմաններում «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը «Ջեյրան» համույթի անդամներին բաժանեց փառատոնի ոսկե մեդալները, դիպլոմները և Վիրահայոց թեմի նվերները:
Մայիսի 27-ին համույթը դարձել էր «Բրավո-2012» փառատոնի ոսկե մեդալակիր:






