AM
5 June 2012 - 12:21 AMT

Նախագահը Ճապոնիայում այցելել է ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա:Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը իր և պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին և նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին և ուշի-ուշով հետևում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար:

Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետևանքները: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն և Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետևանքները:

Սենդայում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև ցունամիի հետևանքով ավերված օդանավակայանում իրականացված վերականգնողական աշխատանքները:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև Սենդայից մեկնել է Տոկիո, որտեղ վաղը՝ հունիսի 6-ին, կմեկնարկեն Հանրապետության ղեկավարի հանդիպումները Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ: