AM
5 Հունիս 2012 - 13:53 AMT

«Երևանյան հեռանկարներ» փառատոնն առաջին անգամ կհյուրընկալի մեկ այլ փառատոն

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնն առաջին անգամ հյուրընկալելու է Լոս Անջելեսի «Դիլիջան» երաժշտական փառատոնը: Այդ կապակցությամբ PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ: Համերգաշարը տեղի է ունենալու հունիսի 10-17-ը, սպասվում է 5 համերգ կամերային երաժշտության տանը, 1-ը Արամ Խաչատրյան համերգասրահում, մեկ բացօթյա համերգ Կասկադում, ևս մեկը` Դիլիջանում:

«Այն, ինչ տեղի է ունենալու այս ութ օրվա ընթացքում, դա փառատոնի մեկ տարվա նյութ է, և փառատոնի կյանքին նոր փայլ կհաղորդի` հյուրընկալում ենք փառատոն: Սա առաջին փորձն է, երբ փառատոնին մի ամբողջ փառատոն է հյուրընկալվում»:

Մտահղացման հեղինակը փառատոնի ղեկավար Մովսես Պողոսյանն է: Հովհաննիսյանի խոսքով, փառատոնի գեղարվեստական մակարդակը շատ բարձր է և համահունչ է փառատոնի չափանիշներին: Փառատոնը կհյուրընկալի թվով 20 անուն կատարողների`Մետրոպոլիտան օպերային թատրոնի աստղ Վլադիմիր Չեռնովին, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահար Միշել Շուկովսկիին, սոպրանո Թոնի Արնոլդին, ալտահար Քիմ Քաշքաշյանին և այլ հայտնի երաժիշտների:

Համերգաշարում, բացի համաշխարհային դասականների ստեղծագործություններից, հնչելու են նաև վերջին մի քանի տարիներին հայ կոմպոզիտորների հատուկ Դիլիջանի համար գրված գործեր:

Հովհաննիսյանը նաև ասաց, որ դեռ կոնկրետ պայմանավորվածություններ չկան երևանյան փառատոնը ներկայացնելու այլ փառատոնի մեջ, բայց ասաց, որ շատ կցանկանան մասնակցել եվրոական երաժիշտների հետ: «Փառատոնն ունի այդ պոտենցիալը, որպեսզի իրականացնի այդ նախագիծը, հայ երաժիշտներով ներկայանա միջազգային բեմում», ասաց նա:

Հյուրընկալված երաժիտներից 5-ը վարպետության դասեր կանցկացնեն կոնսերվատորիայի ուսանողների հետ:

Փառատոնն առաջին անգամ է համերգ ներկայացնում Դիլիջանում, փոխարենը՝ ելույթներ են եղել Վանաձորում և Գյումրիում: