Այսօր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր: Նա Բաքու է ժամանելու մեկօրյա այցով` Եվրոպական երկրներ կատարելիք շրջագայության շրջանակներում:
Դիվանագիտական աղբյուրների տվյալների համաձայն, ծրագրվում է, որ Քլինթոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային հարցերից մեկը լինելու է ԱՄՆ և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության հարցը, այդ թվում` էներգետիկ ոլորտը` ներառյալ կասպյան էներգառեսուրսների մատակարարումը համաշխարհային շուկաներին:
ԱՄՆ-ն, ինչպես նաև ԵՄ-ն, աջակցում են գազի Հարավային միջանցքի նախագծին, որը նախպատեսված է կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա հասցնելու համար: ԱՄՆ և Եվրոպան սպասում են, թե երբ Բաքուն կկողմնորոշվի մատակարարման երթուղու հարցում: Արևմուտքն առանձնակի հետաքրքություն է ցուցաբերում «Նաբուկո» ծրագրի նկատմամբ, սակայն ադրբեջանական կողմը հայտարարում է, որ հստակ պատասխան կարող է տալ միայն 2013թ:
Ուշադրության կենտրոնում են լինելու նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին առնչվող հարցերը, քանի որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 Համանախագահներից մեկն է, որը միջնորդական առաքելություն է իրականացնում` այս բազմամյա խնդիրը լուծելու նպատակով: Պաշտոնական Բաքուն պնդում է հակամարտությունում ստատուս-քվոյի փոփոխմանը:
Բացի այդ, ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը Հիլարի Քլինթոնի հետ բանակցելիս բարձրացնում է Հայաստանի հետ սահմանում տեղի ունեցած վերջին զինված միջադեպի հարցը: Միջադեպի արդյունքում զոհվել են ազգային բանակի 5 զինծառայողներ:
Չի բացառվում նաև, որ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցելիս կդիտարկվեն նաև տարածաշրջանային հարցեր, մասնավորապես` Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրկովկասյան հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցը:
Սպասվում է նաև, որ նախքան Բաքու մեկնելը, ԱՄՆ պետըքարտուղարը մամլո ասուլիս կտա: Սա Հիլարի Քլինթոնի արդեն 2-րդ այցն է Ադրբեջան` որպես ԱՄՆ պետքարտուղար: Առաջին նագամ նա այնտեղ եղել է 2010թ հուլիսին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: