AM
7 Հունիս 2012 - 06:08 AMT

«Հայկական ժամանակ». ՕԵԿ-ը կառավարությունում 3-4 փոխնախարարի պորտֆել է ունենալու

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նոր կառավարությունում երեք-չորս փոխնախարարի պորտֆել է ունենալու: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել են ՀՀԿ-ական իրազեկ աղբյուրները: Իսկ ՕԵԿ-ական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ այդ պաշտոնների համար «մրցույթ» է հայտարարել` բառի բոլորիս հասկանալի իմաստով: Փոխնախարար կդառնան նրանք, ովքեր կառաջարկեն լավագույն «պայմանները»` կրկին բառի բոլորիս հասկանալի իմաստով: Նշենք, որ առայժմ վերջնականապես հստակեցված չէ, թե հատկապես որ նախարարություններում կարող են ՕԵԿ-ի թեկնածուները փոխնախարար աշխատել:

Թերթը հիշեցնում է, որ կոալիցիոն քվոտայով «Օրինաց երկրին» նաև երեք նախարարական պորտֆել է բաժին ընկնելու: Ի դեպ, երեկ ՕԵԿ քաղխորհրդի ներկայացուցիչները և ՀՀԿ խորհրդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ժամանակ, ըստ ՕԵԿ-ի տարածած հաղորդագրության, քննարկել են նոր կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: Այդ հանդիպումները շարունակվելու են` ամփոփ փաստաթուղթ ձևավորելու համար: