«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի շրջանակում կմեկնարկի նոր` Արևելյան գործընկերության ծրագիրը: Այն կիրականացվի «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի միջոցով` Եվրամիության աջակցությամբ:
ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խրախուսել ֆիլմարտադրության, համատեղ արտադրության զարգացումը Արևելյան գործընկերության երկներում, մասնավորապես`Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ադրբեջանում: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշյալ երկրներից:
Հայաստանում Եվրոպական միության Գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գայրանը մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ կինոն այն ոլորտն է, որն ունի մեծ պոտենցիալ տնտեսական և սոցիալական ոլորտներում: Ըստ նրա, այն կօգնի ուժեղացնել կինոն տեղային մակարդակում և տեղական մշակույթը ներկայացնել համագործակցության մյուս երկրներում:
Բացի այդ, բանախոսի կարծիքով տեղական կինոարտադրությունը կարող է շահել և ներդրում ունենալ տեղական տնտեսության զարգացման մեջ:
Ծրագիրն իրականանալու է երեք տարիների ընթացքում, որին աջակցելու են նաև գործընկերները` INTERFILM (Ուկրաինա), «Պրոմեթևս» կինոարվեստի կենտրոնը (Վրաստան) և INTERNEWS-ը (Հայաստան): 2012-2014թթ. ՌԱՍ Արևելյան գործընկերության ծրագիրը կիրականացնի մի շարք դասընթացներ, սեմինարներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանի կինոարտադրության ներկայացուցիչների համար:






