Ռուսաստանի ջավախահայերի համայնքը (ՌՋՀ) հայտարարություն է տարածել վերջերս հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների մասին:
«Վերջերս կտրուկ սրվել է իրավիճակը ՀՀ և Ադրբեջանի սահմանին: Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանը խախտելու, ինչպես նաև դիվերսիոն հարձակումների արդյունքում զոհվել են հայ զինծառայողներ»,-ասվում է ուղերձում:
Ուղերձում ասվում է, որ այս իրավիճակը հեղինակազրկում է ԵԱՀԿ ՄԽ երկրներին, որոնք միջնորդներ են ղարաբաղյան կարգավորման հարցում և բազմիցս հայտարարել են լարվածության աճի ու ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին:
«Եվ ինչն առավել վիրավորական է, Ադրբեջանը ՄԽ յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո լկտիորեն սրում է իրավիճակը»,-ասվում է ուղերձում:
Նշվում է, որ «ռուսաստանաբնակ ջավախահայերը դատապարտում են Ադրբեջանի անհարգալից, անպատասխանոտւ ու ագրեսիվ գործողությունները»:
Ըստ ուղերձի, կազմակերպությունը նամակներ է ստանում ՌԴ տարբեր քաղաքներում բնակվող ջավախահայերից, որտեղ նրանք պատրաստակամություն են հայտնում պաշտպանելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
«Մենք դիմում ենք ՀՀ ԶՈւ գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով թույլ տալ ջավախահայերի կամավորական ջոկատներին Ադրբեջանի կողմից այս սադրիչ գործողությունների պայմաններում, մարտական հերթապահություն իրականացնել պաշտպանելու համար մեր պատմական հայրենիքի՝ Հայաստանի սահմանները»,-ասվում է ուղերձում: