AM
12 Հունիս 2012 - 07:52 AMT

Կապանի թանգարանում թանկարժեք նմուշները ցուցադրվում են դպրոցական հին գրասեղանների վրա

Թանգարանը հիմնվել է 1969 թ-ին և երկար տարիներ գտնվել է բնակելի շենքի ներքնահարկում: Երեք տարի առաջ մարզպետարանը հատկացրեց հողատարածք, և թանգարանի նոր շենքը երկու տարի հիմնանորոգումից հետո իր դռները բացեց ացելուների համար: Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը չի դժգոհում շենքի տեղից, ասելով, որ դա չի խանգարում այցելություններին: «Տեղը բացարձակ կապ չունի: Թանգարան եկողը միշտ էլ գալիս է»,-ասում է տնօրենը:

Թանգարանը երբեք չի կենտրոնացել Կապանում լուսավորչական գործունեություն ծավալելով: Երկու տարի վերանորոգման պատճառով թանգարանից արկղերով դուրս են հանվել ամենաարժեքավոր իրերը, և «շրջել» մոտակա գյուղերի դպրոցներով: Տնօրենը խոստովանում է, որ այցելուների մեջ շատ քիչ են երիտասարդները: Նրանք տարված են հեռուստատեսությամբ և ինտերնետով: «Մենք փորձում ենք համոզել, որ ինտերնետը չի կարող փոխարինել նյութական մշակույթին»,- նշում է տնօրենը: Թանգարանն ունի 13 հազարից ավելի հնագիտական, ազգագրական, արխիվային, դրամագիտական իրեր և կերպարվեստի նմուշներ: Սակայն այս պահին թանգարանը ներկայանում է ժամանակավոր ցուցադրությամբ, քանի որ թանգարանի աշխատողի խոսքով՝ նրանք չունեն ցուցափեղկեր, և անվտանգության նկատառումներից ելնելով չեն ցուցադրվում ամենաարժեքավոր նմուշները:

Թանգարանի աշխատողները կարպետներով ու գորգերով հմտորեն ծածկել են դպրոցական հին գրասեղանները, և դարձրել այն ցուցափեղկեր:

Այնուամենայնիվ, թանգարանը ներկայանում է արժանի դեմքով, և տարեց տարի գրավում ոչ միայն հայ, այլև օտարազգի գիտնականներին: Ամենաարժեքավոր նմուշը Ք.Ա. 8-7 դդ կուռքի արձանն է: Այս արձանիկով, նաև ռուս հայտնի երգիչ Ֆյոդոր Շալյապինի լուսանկարով հետաքրքրվել է Պետերբուրգի Էրմիտաժը:

Երկրագիտական թանգարանը միացել է նաև Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին և այս պահին ցուցադրում է ֆոնդերում պահվող գրքերը:

Մարզպետարանի ուշադրությունից թանգարանի տնօրենը չի դժգոհում, շեշտելով, որ հենց այդ կառույցի շնորհիվ նրանք ունեն նոր, և ավելի ապահով շենք: Պատրաստվում է նաև միջոցառումների համար նախատեսված շենքը: Այնուամենայնիվ, ցուցափեղկերի խնդիրը, թանգարանի համար առաջնայինն է: Թանգարանը պաշտոնապես մինչ օրս չի բացվել դրա պատճառով: Թանգարանն ունի 11 աշխատակից, որը բավական է մշակութապահպան հաստատությունում աշխատելու համար, սակայն տնօրենն ասում է, որ մասնագետներ են պետք գյուղերում լուսավորչական աշխատանքներ կատարելու համար: