Այսօր` հունիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի թվով երրորդ փառատոնի բացման համերգը:
Համերգում հնչելու են Բրոնների, Յ. Յակուլովի,Մ. Կոկժաևի ստեղծագործությունները: Ելույթ է ունենալու փառատոնային նվագախումբը մենակատարներ` թավջութակահար Արամ Թալալյանի, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի մասնակցությամբ, Միխայիլ Բրոնների, Յակով Յակուլովի և Միխայիլ Կոկժաևի ղեկավարությամբ:
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնի նպատակն է զարգացնել ալտի և թավջութակի կատարողական արվեստը` հիմնվելով տասնամյակների ընթացում ձևավորված կատարողական դպրոցի նվաճումների և ձեռքբերումների վրա, ինչպես նաև խթանել այդ գործիքների հանդեպ հետաքրքրությունը, այդ գործիքների համար համար նոր երկերի ստեղծումը` այս գործընթացում ներգրավելով հայ և օտարազգի կոմպոզիտորներին:
Փառատոնը բաղկացած է 8 միջոցառումներից, որոնց կմասնակցեն մոտ 50 երաժիշտներ: Նախորդ տարիներին իրականացված մարզային ծրագրերն այս տարի այլ դրսևորում են ստացել.մարզերի լավագույն թավջութակահարներն այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու փառատոնի ծրագրերին:
Փառատոնի ընթացքում կնշվեն հայ երաժշտարվեստի երախտավորներ Հենրիկ Թալալյանի 90 և Վիլլի Մոկացյանի 80-ամյա հոբելյանները:
Այս տարի փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն կոմպոզիտոր, Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օլեգ Գալախովը, կոմպոզիտորներ Միխայիլ Բրոնները (Ռուսաստան), Յակով Յակուլովը (ԱՄՆ), ջութակահարներ Բորիս Լիֆշիցը (Շվեյցարիա) և Հովհաննես Մոկացյանը (Գերմանիա), Ռուդոլֆ Բարշայի այրին, երգեհոնահարուհի Ելենա Բարշայը (Շվեյցարիա), թավջութակահար Լևոն Մուրադյանը (Պորտուգալիա), դաշնակահարուհի Տաթևիկ Մոկացյանը (Գերմանիա),թավջութակահար Դավիթ Մելքոնյանը (Գերմանիա):
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է թավջութակահար, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը:






