AM
16 Հունիս 2012 - 11:10 AMT

Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանոն» այսուհետ Ստանիսլավսկու թատրոնի բեմում է

Հունիսի 15-ին Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնը հայ հանդիսատեսի դատին հանձնեց Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» կատակերգությունը`Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ: Ալեքսանդր Գրիգորյանը տևական ժամանակ գտնվել է Մոսկվայում, որտեղ հրավեր էր ստացել Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոնից և պետք է հանձներ «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացումը, սակայն անսպասելի առողջական լուրջ խնդիրների պատճառով բժիշկները Տաբակովին արգելել են ծանր ֆիզիկական լարվածություն պահանջող դերեր կատարել: Ներկայացումը Մոսկվայում չի կայացել: Գլխավոր դերում Տաբակովից զատ, պետք է հանդես գար Օլեգ Տաբակովի կինը` Մարինա Զուդինան:

Ներկայացումից առաջ Գրիգորյանն ասել է, որ Երևանի ռուսական թատրոնում բեմադրած ներկայացումն ունի միանգամայն այլ լուծումներ. «Սա ընդհանրապես կապ չունի այն ներկայացման հետ, որի վրա տևական ժամանակ աշխատել եմ»: Հայ դերասանների առջև Գրիգորյանը միանգամայն այլ խնդիրներ է դրել: «Սա իմ նոր ներկայացումն է: Սկսած բեմի ձևավորումից: Տաբակովի թատրոնում, ի դեպ, բեմի ձևավորման համար ծախսվել էր մոտ 25.000 դոլար: Արդյունքում պատվիրված դեկորները օգտագործվել են Տաբակովի հոբելյանական երեկոյի բեմը ձևավորելու համար»,- շեշտել է Գրիգորյանն ու հավելել, որ ռուսական թատրոնը մեծ դժվարությամբ է հովանավոր գտել, որպեսզի ի կատար ածի «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացումը: Ներկայացման գլխավոր հերոսուհու դերը մարմնավորող ՀՀ վաստակավոր արտիստուհի Իռա Հարությունյանն ասել է, որ «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացումը հայ ռեժիսորների բեմադրությամբ իրեն բախտ չի վիճակվել տեսնել: «Մեր ներկայացման մեջ Ֆիլումենան ոչ թե կին է, որն իր սեփական հաջողության մասին է տենչում, այլ կին է, ում համար առաջնայինը` ընտանիքն ու երեխաներն են»,-ընդգեծել է դերասանուհին:

Հավելենք, որ հունիսի 16-ին թատրոնի բեմում նույն ներկայացումն է երկրորդ կազմով: Ներկայացման մեջ հանդես կգան դերասաններ Էրվին Ամիրյանը, Անուշ Սարգսյանը, Անաիդա Գաբրիելյանը և այլք: