Հայաստանը պետք է պայքարի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրման դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար, ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը:
Ըստ նրա, վերջին 20 տարիներին ադրբեջանական դիվանագիտությունը համաշխարհային հանրության գիտակցության մեջ արմատավորում է այն միտքը, թե «ինքն միջազգային իրավունքի տեսակետից իրավացի է և իրավունք ունի ուժով վերադարձնել Արցախի ազատագրված տարածքները:
Մանասյանը նշել է, որ դրան իր քաղաքականությամբ նպաստել է նաև Հայաստանը: Նա ասել է, որ հայկական կողմը պետք է ողջ աշխարհին ցույց տա, որ Ադրբեջանի օրինական հողերից մի թիզ անգամ չի զավթվել: Փորձագետը նշել է, որ նույնիսկ 1921թ. Կավբյուրոյի տխրահռչակ ապօրինի որոշմամբ, որով Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, նշված էր ոչ թե ԼՂԻՄ տարածքը, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը և միայն 1923թ. Ադրբեջանն իր որոշմամբ ԼՂԻՄ տարածքի մեջ ընդգրկեց միայն հայաբնակ շրջանները:






