AM
19 Հունիս 2012 - 11:20 AMT

Շուտով կսկսվեն «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով հայկական ֆիլմի նկարահանումները

«ՇԱՐՄ հոլդինգ»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով: Ինչպես հայտնում է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ:

Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, ընթանում են նկարահանման նախապատրաստական աշխատանքները, որոնք կսկսվեն մոտ օրերս: Նկարահանման աշխարհագրությունը կընդգրկի նաև Վրաստանը:

«Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով այս ֆիլմի դերասանական կազմում են նախորդ երկու ֆիլմերից արդեն իսկ սիրված Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, ինչպես նաև հայտնի դերասաններ Լիլի Էլբակյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը և այլոք: Ֆիլմում կնկարահանվի նաև վրացուհի Շորենա Բեգաշվիլին և այլ ճանաչված վրացի դերասաններ:

Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը, գործադիր պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը, սցենարի հեղինակներ` Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Ջաղինյանը: