Հայ գրատպության 500-ամյակի ծրագրերի կապակցությամբ, «Հայփոստը» սկսում է հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշերի թողարկում, որոնք հաջորդաբար կթողարկվեն նաև առաջիկա տարիներին: 2012 թ. ընթացքում շրջանառության մեջ դրվող նույնատիպ թողարկման նոր շարքի 7 նամականիշերի վրա պատկերված են հայոց այբուբենի Այբ տառից Է տառերը: Նամականիշերի հեղինակն է Մարիամ Կանայանը: 10 դրամից մինչև 280 դրամ անվանագին ունեցող այս նամականիշերը տպվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում:
Նամականիշերի վրա պատկերված տառերը 5-10-րդ դարերի մշակված երկաթագիր տառատիպերն են: Զարդանախշերը վերցված են հին հայկական մանրանկարներից և վերարտադրված են ձեռքով: Նամականիշերի յուրաքանչյուր թերթը զարդարված է տվյալ նամականիշի վրայի զարդանախշերով: Թերթերի վերևի հատվածում բերված են տողեր Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ» շարականից, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:






