AM
20 Հունիս 2012 - 07:46 AMT

Երևանի պատմության թանգարանում կբացվի լիբանանահայ քանդակագործի ցուցահանդեսը

Հունիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի կապակցությամբ` Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում տեղի կունենա լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը:

Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ. Բեյրութում: 1949-1952թթ. ուսանել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում: 1958թ. ավարտել է Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցը:

Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը Լիբանանում, Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրին, Գարեգին Նժդեհի կիսանդրին, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում:

Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է:

1976թ. Ֆրանսիայի հանրահայտ Larousse հրատարակչությունը լույս է ընծայել L’art et le monde moderne` «Արվեստը և արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է նաև Զավեն Խտըշյանի անունը:

2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: