AM
20 Հունիս 2012 - 08:16 AMT

Մասնագիտական կրթությանը նվիրված խորհրդաժողովում քննարկվում են էլեկտրոնային կրթության խնդիրները

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը այսօր կազմակերպել է «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդաժողով:

Խորհրդաժողովին ներկայացվում են մասնագիտական կրթության և էլեկտրոնային ուսուցման վերաբերյալ իրականացրած ծրագրի արդյունքերը, կլինեն թեմատիկ քննարկումներ` մասնագիտական կրթության և էլեկտրոնային կրթության վերաբերյալ:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդթը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի և խորհրդաժողովի նպատակն է լուծել զբաղվածության խնդիրը` միջին մասնագիտական կրթության ոլորտը զարգացնելով. «Գերմանիայում մենք երկակի մոտեցում են կիրառում այս հարցում. ուշադրություն ենք դարձնում կրթության և տեսական հատվածին և գործնական գիտելիքներին, որոնք հետագայում թույլ կտան մասնագետներին օգտագործել իրենց գիտելիքները գործնականում»:

Խորհրդաժողովին մասնակցում են նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, կրթական կառույցների ներկայացուցիչները, որոնք ներկայացնելու են իրենց գաղափարները:

Ծրագրի ընթացքում մասնագետները վերապատրաստել են հայաստանյան դպրոցների 20 ղեկավարների, 45 ուսուցիչների, որոնց միջոցով վերջիններս զարգացրել են իրենց միջանձնային հարաբերությունները և առաջնորդության կարողությունները:

Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի ԱԳՆ-ի ֆինանսավորմամբ, իսկ հայաստանյան համակարգողն է եղել InWent կազմակերպությունը: