Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի կառուցման համար ոչ մի ծառ կամ թուփ չի հատվելու: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Նանսենի հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը: Թանգարանը գտնվելու է Նոր Նորք համայնքում, Գայի արձանի ետնամասում: Բախչինյանի խոսքով թանգարանը պետք է գտնվեր Գյումրիում, կար համապատասխան տարածք, սակայն վերանորոգման համար գումարներ չգտնվեցին: Փոխարենը բժիշկներ Սառա և Կառլեն Եսայանները տրամադրել են գումար, որով և այն կկառուցվի Երևանում: Շինարարությունը նախատեսվում է ավարտել չորս ամիսների ընթացքում:
Բախչինյանի խոսքով թանգարանը կօգնի ճանաչել մեծ բարերարին, ով հսկայական գործ է արել հայ ազգի համար:
Թանգարանը զբաղեցնելու է 52 քառակուսի մետր տարածք: Թանգարանում ներկայացվելու են մեդալներ, գրքեր, լուսանկարներ, նանսենյան անձնագրերի պատճեներ:
Այն լինելու է մեկ հարկանի, և չի սպասվում տարածքի սալիկապատում կամ այլ շինարարություն: Փոխարենը Երևանի քաղաքապետարանը խոսք է տալիս բարեկարգել այդ տարածքը:
Թանգարանի բացմանը ներկա կգտնվի նաև բարերարի թոռնուհի Մարի Գրեվեն:






