AM
20 Հունիս 2012 - 10:14 AMT

Վարչապետ. Կառավարության ծրագրի հաջողությունը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք խոշոր բիզնեսը բերել հավասար մրցակցային դաշտ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով խորհրդարանում, պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցին, թե ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել կառավարությունը «ստվերային տնտեսության» դեմ պայքարելու համար: «Ցավոք, մեզ մոտ չի ստացվել Հայաստանի Հանրապետությունում ապահովել բիզնեսի համար հավասար պայմաններ: Դա գլխավոր խոչընդոտն է մեր տնտեսության զարգացման համար և այդ ռիսկով է պայմանավորված կառավարության ձախողումը կամ հաջողությունը»,-հայտարարել է վարչապետը:

«Եթե մենք չկարողանանք խոշոր բիզնեսը, որ մշտապես խախտում է մրցակցության կանոններն ու չարաշահում է իր գերիշխող դիրքը շուկայում, բերել հավասար մրցակցային դաշտ, կառավարության բոլոր ծրագրերը կձախողվեն»,-հավելել է նա:

Ըստ վարչապետի, «ստվերային տնտեսության» դեմ պայքարելու համար հարկավոր են օրենսդրական փոփոխություններ, բիզնեսի թափանցիկության ապահովում, խոշոր բիզնեսի կանխիկ շրջանառության նվազում:

«Կկարողանանք միասին քաղաքական կամք դրսևորել՝ կհասնանեք հաջողության, մենք հակված ենք դրան: Սա է մեր ծրագրի գաղափարախոսությունը»,-ասել է վարչապետը:

Վերջում վարչապետը հույս է հայտնել, որ կառավարությունը կկարողանա հաջողության հասնել ու ավելացնել հարկեր –ՀՆԱ հարաբերակցությունը: