«Երազանքների պատ» ծրագրի առաջին նվերը երևանցիներին կմատուցվի հունիսի 26-ին Ազնավուրի հրապարակում եռաչափ նկարազարդման տեսքով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին երազանքների պատերին տեղ գտած բազմաթիվ խնդրանքները` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակն ամբողջությամբ կձևավորվի եռաչափ պատկերներով: Այդ նպատակով «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության միջոցով Երևանն է հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը:
Իսկ, թե ինչ նկար է պատկերվելու սալահատակին՝ կազմակերպիչները չեն շտապում բացահայտել: Աշխատանքը կատարվելու է ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով, ուստի հիանալ նկարով և նկարի ֆոնին լուսանկարվել Ազնավուրի հրապարակում՝ երևանցիները կկարողանան մի քանի ամիս շարունակ:
20 օր շարունակ Երևանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը և հյուրերին հնարավորություն են ընձեռել «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո ներկայացնել մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները:






