AM
20 Հունիս 2012 - 14:08 AMT

Ռուսական արվեստի թանգարանում կբացվի Տարոն Սիմոնյանի ցուցահանդեսը

Հունիսի 21-ին Ռուսական արվեստի թանգարանի ցուցասրահում բացվելու է գեղանկարիչ Տարոն Սիմոնյանի ցուցահանդեսը: «Կարմա» կոչվող ցուցադրությանը ներկայացված են Նեպալում ստեղծված յուրօրինակ գեղանկարները:

Հանդիսատեսը նաեւ հնարավորություն կունենա դիտել նկարների ստեղծման ընթացքի մասին տեսանյութ:

Տարոն Սիմոնյանը ծնվել է 1979 թ. արվեստագետի ընտանիքում: 1963 թվականից նրա ընտանիքը բնակվել է Սանկտ Պետերբուրգում, որը դարձել է Տարոնի համար երկրորդ հայրենիք: Դեռ մանուկ հասակից ծնողները նրա մեջ սերմանել են սերը դեպի արվեստը և մշակույթը: Նա իր ստեղծագործական առաջին քայլերը կատարել է համաշխարհային մշակույթներ կրող այդ քաղաքում, որն էլ խթան է հանդիսացել արվեստագետի աշխարհաընկալման և ստեղծագործական կյանքի ձևավորմանը:

Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում Տարոնը ավարտել է Յոհանսոնի անվան հանրահայտ գեղարվեստի ուսումնարանը, որից հետո ընդունվել է Բարոն Ա. Լ. Շտիգլիցի անվան գեղարվեստի ակադեմիան: 1996 թ. վերապատրաստվել է Գերմանիայի Լյուբեք քաղաքի Հաղորդակցման և դիզայնի բարձրագույն դպրոցում: Դեռևս ուսանող տարիներին նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Սանկտ-Պետերբուրգում և Եվրոպական տարբեր երկրներում: Նրա ստեղծագործությունները ներկայացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբակայանին ցուցահանդեսներում, ինչպիսիք էին Գերմանիայի Ախեն քաղաքում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսները, Համբուրգում, Իսպանիայում և այլն:

2003 թ. Տարոնը առաջին անգամ իր ստեղծագործություները ներկայացրեց հայրենիքում՝ Հ. Շարամբեյանի անվ. ժողարվեստի թանգարանում: Կրթվելով արվեստների մայրաքաղաք Սանկտ- Պետերբուրգում նա արկածախնդիր էր տարբեր մշակույթների նկատմամբ, որն էլ պաճառ հանդիսացավ որոնողական ճանապարհորդություններին դեպի եվրոպական և ասիական երկրներ:

Մշակույթների նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը և սերը 2010 թ. նրան տարան դեպի Ճապոնիա, որտեղ ստեղծագործեց տեղի արվեստագետների հետ: 2011թ. Տարոնը իր ստեղծագործական գործունեությունը ծավալեց Ինդոնեզիայի Բալի կղզում: Այդ ճանապարհորդության արդյունքում ծնված ստեղծագործությունները 2012-ի փետրվարին ներկայացվեցին հայրենիքում: